4 փետրվարի 2022 - 14:23 AMT
ԱԺ-ի ընդդիմադիրները չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը՝ սխալ համարելով «նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը»։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։

«Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով:

Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:

Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով:

Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում մեկ անձի բռնապետության ձևավորման առումով:

«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը», - ասվոյւմ է հայտարարության մեջ։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտել հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: