Մայր Աթոռը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, քույր եկեղեցիներին՝ արձագանքելու Բաքվի մշակութային եղեռնագործությանը

Մայր Աթոռը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, քույր եկեղեցիներին՝ արձագանքելու Բաքվի մշակութային եղեռնագործությանը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքի եկեղեցիներից հայկական արձանագրությունները ջնջելու նպատակով Բաքվում աշխատանքային խմբի ստեղծմանը, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս մշակույթի նախարարի, հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»,- նշված է հայտարարությունում:

Դրանում ասվում է, որ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների այս նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ:

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի որոշմանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---