1 մարտի 2022 - 16:15 AMT
«Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգում

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված և վավերացված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծը չի ընդգրկվել Ազգային ժողովի նիստերի օրակարգում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն մասնակցել քվեարկությանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկել էր ԱԺ օրակարգ բերել իրենց նախագիծը՝ հայտարարությամբ հանդես գալու Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի մերժումն անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման արդյունք է:

Նա հավելել է, որ ԱԺ լռությունը հակահայ այս հռչակագրի վերաբերյալ նշանակում է համաձայնություն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության հետ։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։

Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: 2022-ին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են հռչակագիրը։