11 մարտի 2022 - 14:38 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ ատելության քարոզը սիստեմատիկ է, ֆաշիստական դրսևորման է հասնում

Ադրբեջանի կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ, ինչը հաստատվում է բազմաթիվ զեկույցներով, միջազգային փաստահավաք թղթերով, ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցներով և գրականությամբ։ Այդ մասին առցանց քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Պետական հովանավորչությամբ հայերի նկատմամբ ատելության քարոզն իրականում շատ վտանգավոր և նույնիսկ ֆաշիստական դրսևորում է»,- ասել է Գրիգորյանը՝ շեշտելով, որ ուսումնասիրությունները վկայում են՝ այս քարոզ- քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հենվում՝ էթնիկ և կրոնական, գրում է «Ա1+»-ը։

Նա նշել է, որ դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը և այս հանգամանքն է հանգեցրել մի քանի պատերազմի այս ընթացքում: ՀՀ ՄԻՊ-ն այս համատեքստում ընդգծել է հատկապես 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը, որն ընդգծված ուղղորդվում էր ատելության քարոզով։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նշել է, որ այդ քաղաքականությունը հետապնդում է կոնկրետ նպատակ։

«Դա ինքնանպատակ չի արվում, այլ իր առջև ունի դրած խնդիր։ Եվ այդ խնդիրը հետզհետե լուծելու ճանապարհով է շարժվում Ադրբեջանը, և այդ նպատակն առաջին հերթին թիրախավորում է Արցախի հայաթափումը և Արցախում էթնիկ զտում իրականացնելը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ դա արվել է նաև խորհրդային տարիներին։

Հիշեցնենք՝ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը առցանց քննարկում են Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։