11 մարտի 2022 - 18:31 AMT
ԱՀ ինֆոշտաբ․ Իշխանությունը և խաղաղապահներն անում են հնարավորը` ծագած խնդիրներն արագ լուծելու

Արցախի իշխանությունները և ՌԴ խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։

«Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ:

Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:

․․․Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»,- նշված է Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարության մեջ։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։