Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով քրգործ է հարուցվել, հայտնում է Արցախի Դատախազությունը։
2022 թվականի մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, գրում է Արցախպրեսը։
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե։
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ: Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ 5 պայմանագրային զինծառայող։ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է