29 մարտի 2022 - 10:30 AMT
ՀՀ ԱԽ․ Ադրբեջանը հող է պատրաստում՝ ԼՂ ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու

ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված:

ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

«Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, ՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «Հայաստանը խախտում է ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները և խոչընդոտում է խաղաղության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում»։ Այդ մասին նա ասել էր ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության գծով օգնական Յենս Պլետների հետ հանդիպմանը։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը հետ քաշել զորքերը Փառուխ գյուղից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։