29 մարտի 2022 - 11:11 AMT
Ռուս խաղաղապահների ռեզերվային ուժեր առաջ կքաշվեն՝ արգելափակելու Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումը

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։ Այդ մասին ասվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների Տելեգրամ ալիքում, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակված։

Նշվում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը Փարուխ բնակավայրի ավերակների տարածքում՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։

«Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը հետ քաշել զորքերը Փառուխ գյուղից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

Photo. AFP