ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ապրիլի 19-ին այցելել է Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին, փոխանցել նրանց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հացադուլը դադարեցնելուն ուղղված կոչը, քանի որ յուրաքանչյուր երիտասարդ հայի առողջությունն ու կյանքն անչափ կարևոր են։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և այս հարցում համազգային միասնական դիրքորոշում ունենալու կարևորության մասին, ներկայացուցիչը տղաներին է փոխանցել Արցախ այցելելու՝ նախագահի հրավերը, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչությունը։
Ավելի վաղ նմանատիպ կոչով տղաներին դիմել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Այդ մասին նա գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։
«Դիմում եմ Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։ Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը: Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:
Հացադուլ հայտարարծներից Նվեր Կիրակոսյանը, պատասխանելով Ստեփանյանին, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել ուշադրության համար և նշել, որ չեն համարում, որ հացադուլն իր նպատակին ծառայել է, ուստի շարունակելու են այն:
Ավելի ուշ Կիրակոսյանը գրել է․ «Կդադարեցնենք հացադուլը, երբ Ազատության հրապարակում, մեր կողքին հազարավոր երիտասարդների տեսնենք»:
Ապրիլի 17-ի երեկոյան ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել և դրանք սկսված են։ Նա հավելել է, որ նստացույց է սկսում և տուն չի գնալու Ազատության հրապարակից։ Ապրիլի 18-ի առավոտյան հրապարակում նստացույց անող Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի 2 մասնակից` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, որոնք հացադուլ են հայտարարել: