20 ապրիլի 2022 - 17:03 AMT
ՔՊ քարտուղար. Բոլոր ճշմարտությունները դրել ենք սեղանին

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, բոլոր ճշմարտությունները դրված են սեղանին։

«Մենք բոլոր ճշմարտությունները դրել ենք սեղանին», - ասել է նա։

Հանդիպմանը ներկա ԵՊՀ-ի, ՊԿԱ-ի եւ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները փորձաշրջան են անցնում օրենսդիր մարմնում:

Ուսանողների հարցերը, մասնավորապես, վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայ-ադրբեջանական բանակցություններին, իշխանություն-ընդիմություն խորհրդարանական փոխհարաբերություններին, սփյուռքի հետ հարաբերություններին:

Հովհաննիսյանը նշել է, որ ընդդիմության հետ հարաբերությունները խորհրդարանում բարդ են: Իշխանության կողմից եղել են առաջարկներ հանդիպել և քննարկել բոլոր նրբությունները, որոնք կապված են այս պահին արտաքին քաղաքական իրավիճակի հետ, սակայն նրանք որդեգրել են փողոցային պայքարի ճանապարհը` չունենալով օրակարգ:

Խոսելով բանակցությունների մասին` պատգամավորը նշել է, որ առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է, սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը և, իհարկե, արցախահայության իրավունքներն ու ազատությունները, որոնցից կբխի Արցախի կարգավիճակը: Նրա խոսքով` մինչև 2018թ. բանակցություններ եղել են, բայց դրանք մտել են փակուղի:

Պատգամավորը հույս է հայտնել, որ ապագա սերունդները ստիպված չեն լինի անդրադառնալ Արցախի հարցին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։