ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին՝ քարտեզների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերի վերաբերյալ, ասել է, որ Հայաստանն ինքն իրեն տարբեր քարտեզներում չգտնելու մտավախություն չունի։
Ապրիլի 29-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքն իբր Ադրբեջանի կազմում են:
«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի»,-ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը հավելել է, որ, այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։