Քարնեգի հիմնարդամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացն ընթանում է չափազանց դանդաղ: Դե Վաալը չի բացառում, որ դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Մոսկվան մի կողմից շահագրգրված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում»,-ասել է վերլուծաբանը՝ հավելելով, որ դրա արդյունքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար:
«Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետևում են այս գործընթացին, և միգուցե դա ևս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- ասել է նա:
Դե Վաալի կարծիքով, թե Երևանում, թե Անկարայում գիտակցում կա, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետության հարաբերությունների կարգավորմանը և չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որը, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:
«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական և տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,- նշել է նա:
Դե Վաալը հույս է հայտնել, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:
«Եթե առկա է համաձայնություն ճանապարհների վերաբացման հարցում, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչև Նախիջևան, այնուհետև Հայաստանով նորից գալ Երևան և Գյումրի և անցնել Կարս, ապա դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաև Իրանի համար, քանի որ, չմոռանանք, որ այսպիսով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին»,- ասել է նա:
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»: