Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը բարեփոխումների փուլ է անցնում, այն կմիավորվի Ռազմական ավիացիայի ուսումնարանի հետ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը։
«Ռազմավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:
Պապիկյանը հավելել է, որ ըստ էության, սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելու որևէ ռազմաուսումնական կենտրոն չենք ունեցել:
ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: