6 հուլիսի 2022 - 14:56 AMT
Քրեական ենթամշակույթի հանցակազմով 6 ձերբակալված կա, նաև՝ «օրենքով գողեր»

Քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»:

6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է մոտ 180,000 դոլար:

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձնաց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:

Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ:

Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» «Ս.Ա.»-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ, զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:

Բացի այդ, «Ս.Ա.»-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակ-ների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը: ‌