Հայաստանի ներկայացուցիչ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Արման Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ավարտված Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում։
«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան էլ երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին՝ 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացմանն աջակցություն ցուցաբերելու, կազմակերպելու և անցկացնելու համար։ Մացուդայի համոզմամբ՝ գործադրված բոլոր ջանքերը հաջողությամբ են պսակվել։
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կոմիտեի նախագահի տեղակալ Լենկա Լիբուսովան բեմ է հրավիրել օլիմպիադայի կազմակերպիչներին և հայտարարել, որ 2023 թվականին օլիմպիադան անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար, ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն օլիմպիադայի գավաթը հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչներին։
Փակման հանդիսության ընթացքում ամփոփվել են նաև Երևանի պետական համալսարանում հուլիսի 16-ին տեղի ունեցած «Միջազգային խմբային աշխատանք» գիտական մրցույթի արդյունքները։ Հաղթողներին տրվել են խրախուսական մրցանակներ։ Այս նախագծի շրջանակում ՀՀ ներկայացուցիչ Մանե Կուրղինյանը («Հերացի» ավագ դպրոց) արժանացել է մրցանակի:
Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին անգամ:
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։ Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է: