Հայաստանի կառավարությունը 20 մլրդ դրամի պետական վարկային երաշխիքներ կտրամադրի շինարարներին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ շինարարներին աջակցելու նպատակով պետական միջոցներից 20 մլրդ դրամի պետական վարկային երաշխիքներ կտրամադրվեն` կիսավարտ բնակելի շինարարական օբյեկտներն ավարտելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, որպես գրավ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնված անշարժ գույքը:

Տրամադրվող երաշխիքի գումարը չի գերազանցելու գրավադրվող անշարժ գույքի շուկայական գնի 35%-ը: Անշարժ գույքի շուկայական գինը որոշելիս հիմք է ընդունվելու 2 անկախ գնահատող ընկերությունների կողմից տրված շուկայական գների նվազագույնը: Պետական երաշխիքը կարող է տրամադրվել մինչեւ 3 տարի ժամկետով: Տրամադրվող երաշխիքի գումարն այլ տեսակի գրավի դիմաց (բանկերում հաշիվների մնացորդը, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, BBB- վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող բանկերի երաշխիքը), ելնելով իրացվելիության աստիճանից, կարող է հասնել գրավադրվող գույքի շուկայական գնի մինչ- 100%-ը: Վարկային երաշխիքը տրամադրվելու է պահանջվող վարկի միայն մայր գումարի համար: Կառուցապատողներին ներկայացվող պահանջները.

1.Առեւտրային բանկը պատրաստ է վարկավորել կառուցապատողին պետական երաշխիքի առկայության պարագայում, ինչը հավաստվում է առեւտրային բանկի կողմից պաշտոնական գրությամբ:

2.Կառուցապատման ենթակա օբյեկտի պատրաստվածության աստիճանը պետք է լինի առնվազն 75%, ինչը հավաստվում է գույքը գնահատող ընկերությունների կողմից:

Նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջարկվող երաշխիքների ընդհանուր գումարը կազմում է 20 մլրդ դրամ: Պահանջներին բավարարող հայտերի հանրագումարը 20 մլրդ գումարը գերազանցելու դեպքում` նախապատվությունը տրվելու է այն կառուցապատողներին, որոնց շինարարական օբյեկտների ավարտման աստիճանը առավելագույնն է - որոնց կառույցի 1 քառ.մ շուկայական արժեքը նվազագույնն է: Արդեն ապրիլի 14-ից շինարարները կարող են դիմել օպերատիվ շտաբ` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---