Հուլիսի 31-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մայր աթոռում ընդունելով ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի, կարևորել է համահայկական մարզախաղերի անցկացումը։
Նա նշել է, որ դրանով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում հայորդիներին միմյանց ճանաչելու, խանդավառելու, լավատեսության և հայրենասիրության ոգով լցվելու:
Նաջարյանը, ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ է փոխանցել Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի մոտ 645 հայ երիտասարդ մարզիկ ժամանել էր հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցությունը բերելու համար:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը հայրենիքում նման նախաձեռնության իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել այս տարի առաջին անգամ իրականացված «Հրաշք» մարզախաղերի առնչությամբ, որոնց մասնակցել է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող մոտ 200 երեխա ու պատանի:
Կաթողիկոսը կարևորել է նաև Սփյուռքի հանրային կյանքի աշխուժացմանն ու զորացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնում: