1 հուլիսի 2002 - 19:12 AMT
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶԵՆՔ, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
«Middle East Newsline» ինտերնետ- գործակալության տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառել է C-300 զենիթա-հրթիռային համալիր, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը: Նրա խոսքերով` Հայաստանին զենիթա-հրթիռային զենքի վաճառելու մասին խոսք անգամ չի եղել: Ինչպես նշել է Սեյրան Շախսուվարյանը, նման տեխնիկան ընդամենը տեղակայվել է ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայում, որը գտնվում է Գյումրի քաղաքում: Հիշեցնենք, որ C-300 զենիթա-հրթիռային համալիրի մասերի Հայաստան ներմուծումը սկսվել է 1999 թվականի փետրվարից: Նոր տեխնիկան պետք է փոխարիներ ժամանակակից պայմաններին չհամապատասխանող հնացած զենիթա-հրթիռային համակարգին: Հայաստանի եւ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի եւ միջոցների համատեղ մարտական հերթապահությունը ստանձնելու արարողությունը կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 3-ին: Նշենք, որ այս թեման «MEN»գործակալությունը շոշափել է Մոսկվայի եւ Անկարայի միջեւ C-300 զենիթա-հրթիռային համալիրների Թուրքիային վաճառելու մասին բանակցությունների կապակցությամբ: Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ին պարտադիր է: