Մահացել է Միխայիլ Գորբաչովը

Մահացել է Միխայիլ Գորբաչովը

PanARMENIAN.Net - Մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Նա 91 տարեկան էր։

Նա մահացել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ ծանր և տևական հիվանդությունից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրան կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը՝ կնոջ կողքին։

Գորբաչովը ծնվել է 1931-ի մարտի 2-ին, Ստավրոպոլի երկրամասում։ 1971-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1980-1991 թթ.-ին՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1985 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ պլենումում ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, իսկ 1988 թվականի հոկտեմբերի 1-ից զբաղեցրել է նաև Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը։

ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։

1990 թվականին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ երրորդ համագումարում Գորբաչովն ընտրվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին նա հրաժարական է տվել ԽՍՀՄ նախագահի պաշտոնից, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունել է թիվ 142-H բանաձևը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---