Թուրքիայի «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը ծանոթացել է Վանի և Մուշի հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին: Այդ մասին նա գրառումներ է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Այցելեցի Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար։ Դրանք վերականգնելու, նորոգելու գլխավոր պատասխանատուն անշուշտ Թուրքիայի կառավարությունն է։ Սակայն որպես հայ ժողովուրդ, պետք է հիշենք մեր ժառանգությունը, պետք է հետապնդենք դրանք վերականգնումը»,-ասվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառման մեջ ասվում է, որ Գանձակի Ս. Թովմաս Առաքյալի վանքի հոգևորականների գերեզմանատունը հաճախ է ՚ենթարկվում գանձախույզների հարձակման։
«Տխուր վիճակ կա այստեղ։ Թե այս լճահայաց վանքը, թե գերեզմանոցը պետք է վերանորոգվեն։ Խունկ և աղոթք բոլոր նրանց հիշատակին, որոնք կառուցել են այս վայրերը և ննջում են այստեղ»,-գրել է Փայլանը։
Փայլանն այցելել է նաև Վան նահանգի Բաշքալե շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանք, որը գտնվում է կիսաքանդ վիճակում: Լրատվամիջոցների հետ զրույցում հայ պատգամավորը, խոսելով նշյալ վանքի մասին, ասել է, որ այն կանգուն էր 1600 տարի և ավերվել է վերջին 100 տարում, գրում է Ermenihaber-ը։
«Վանքն ամբողջությամբ քանդված վիճակում է: Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը ավերված վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարվա ընթացքում ոչնչացվեց, լքվեց և այժմ միտումնավոր ոչնչացվում է: Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը: Ի՞նչ եք կարծում, այս վանքի ոչնչացումից ի՞նչ շահ կա: Ի՞նչ եք մտածում, Թուրքիան շահելո՞ւ է, թե՞ կորցնելու է այս վանքի ոչնչացումից»,- ասել է նա:
Ըստ ավանդության վանքը 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա: Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։
Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքի վրա: 1915-1916 թվականներին վանքն անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ: 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։