9 սեպտեմբերի 2022 - 15:24 AMT
Հյուսիսային Կորեան ամրագրել է միջուկային երկրի իր կարգավիճակը

Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովը հռչակագիր է ընդունել «Միջուկային ուժերի քաղաքականության մասին», որն ամրապգրում է երկրի կարգավիճակը որպես միջուկային պետության։

Ընդունված փաստաթուղթը կանոնակարգում է միջուկային ուժերի կազմն ու խնդիրները, դրանց կիրառման մասին որոշումների կայացման սկզբունքն ու պայմանները։ Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ Հյուսիսյաին Կորեան, որպես «պատասխանատու միջուկային պետություն», չի փոխանցում զենքը կամ դրա հետ կապված տեխնոլոգիաներն այլ երկրների, գրում է «Վեդոմոստին» Ռենհափ գործակալության վրա հղումով։

Ըստ հռչակագրի, միջուկային զենքը կիրառվում է ԿԺԴՀ-ի Պետական խորհրդի նախագահի որոշմամբ, սակայն պատասխան հարվածը կարող է հասցվել ավտոմատ կերպով և անհապաղ՝ երկրի կամ հրամանատարական կետի վրա հարձակման դեպքում։

2018-ի գարնանն ու ամռանը ԱՄՆ հետ բանակցություններից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ դադարեցնում է միջուկային փորձարկումները՝ իրեն իրավունք վերապահելով պահպանել առկա սպառազինությունը։ Սակայն բանակցությունները, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումների շարքը, արդյուnք չտվեցին և Փհենյանը վերսկսեց իր միջուկային փորձարկումները։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Փհենյանը շարունակում է ընդլայնել իր «ապօրինի միջուկային ծրագիրը»։