15 սեպտեմբերի 2022 - 16:26 AMT
Բաքուն զոհերի նոր թիվ է հայտնել՝ 71

Ադրբեջանը ՀՀ դեմ ագրեսիայի ժամանակ իր զոհերի նոր թիվ է հայտնել։ Այդ երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների հետևանքով 71 զինծառայող է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին սրացման հետևանքով զոհվծաների թարմացված ցուցակը։ Զոհերի թիվը հասել է 71-ի»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր 50 զոհի մասին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։