Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության և ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին զինված ագրեսիան:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Սիմոնյանը նշել է, որ կազմակերպությունը չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ:
«Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավոր ունենք»,- նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանել է ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում:
Սիմոնյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում:
Նա նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է մեր երկրների ժողովուրդների և պատմականորեն ձևավորված բարեկամության վրա:
Անդրադարձ է եղել Ռուսաստանում հայկական սփյուռքին և Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերի:
Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։