ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
Իր խոսքում Ֆրանսիայի համանախագահը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։