13 հոկտեմբերի 2022 - 17:12 AMT
Միրզոյանն ԱՊՀ նիստում ընդգծել է՝ Ադրբեջանի գործողությունները խաթարում են տևական խաղաղության հաստատման ջանքերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի ընթացքում ելույթում կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։

Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։

Իր ելույթում ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։

Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ:

Նիստի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:

Ընթերցեք նաև․ Միրզոյանը՝ Լավրովին․ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է՝ խոսքն արդեն միայն ԼՂ մասին չէ, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի‌