17 հոկտեմբերի 2022 - 11:01 AMT
Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի չեմպիոն

Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը, որն այժմ հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, երկու ռեկորդ է սահմանել և դարձել Ասիայի չեմպիոն։

Նա նվաճել է չեմպիոնի կոչումը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտի 452 կգ արդյունքով։

Հուլիսին հայտնի դարձավ, որ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականի կազմում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ն գրեթե հավասարազոր գերծանր քաշային 3 ծանրորդ ուներ, իսկ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է ունենալ միայն 2-ական մարզիկ։ Ուստի Մինասյանն ընդառաջել է Բահրեյնի ֆեդերացիայի առաջարկին։

Մինասյանը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: ‌