Մայր Աթոռ․ Փաշազադեն հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ է հնչեցրել Բաքվում և գրավված Շուշիում

Մայր Աթոռ․  Փաշազադեն  հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ է հնչեցրել Բաքվում և գրավված Շուշիում

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններին, որ նա արել է հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը՝ որակելով դրանք «հերյուրական ու նենգափոխիչ»։

Փաշազադեն իր ելույթում ասել էր, թե Հայ եկեղեցին «ռևանշիզմի ավանգարդում է, վրեժ է քարոզում և զրպարտում է Ադրբեջանին միջազգային ասպարեզում»։ «Հայկական եկեղեցին պետք է իմաստություն ցուցաբերի և քարոզի գաղափարներ, որոնք կփրկեն ժողովրդին․․․Շուշիից կոչ եմ անում Հայոց եկեղեցուն, Էջմիածնին վերջ տալ ատելությանը, սաբոտաժին և ռևանշիզմին»,-ասել էր Փաշազադեն։

«Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։

Տարօրինակ է, որ 2020 թվականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը իբրև թե կարևորող Կովկասի մահմեդականների վարչության նախագահը, հակառակ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, նույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։

«Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել ևս կարիքն ունեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ուշադրության և միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հավատարիմ հոգևոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։

Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգև խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով»,-ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---