24 հոկտեմբերի 2022 - 12:33 AMT
«Դալման» իր 10-ամյակի առթիվ սոցծրագրեր է անելու, որոնք մշտական բնույթ կկրեն

«Դալմա Գարդեն մոլը» նշում է իր 10-ամյակը և այս առթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնելու, որոնք մշտական բնույթ են ունենալու։

«2012-ի հոկտեմբերի 20-ին «Դալմա Գարդեն մոլն» առաջին անգամ բացեց իր դռները հաճախորդների առաջ՝ դառնալով Հայաստանի առաջին մոլը։ «Դալմա»-ում համատեղվում են գնումները և զվարճանքը։ Այսօր մենք կարող ենք հպարտորեն ասել, որ շոփինգի ժամանակակից մշակույթը Հայաստանում արդեն 10 տարեկան է»,- ասել է «Դալմայի» ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը։

Վերջինս նաև ներկայացրել է, թե բացումից սկսած առևտրի կենտրոն որքան մարդ է այցելել։

«Ըստ մեր ցուցիչների՝ 10 տարվա ընթացում ավելի քան 40 մլն այցելու ենք ունեցել, մեր երկրում ներկայացրել ենք հարյուրավոր ճանաչված ու հայտնի բրենդեր: Այս պահին Դալմայում 1000+ աշխատակից կա, որոնց մի մասն արդեն 10 տարի է` մեզ հետ է»,- նշել է Չաքարյանը։

Անդրադառնալով նախագծերին, որոնք «Դալման» պետք է այսուհետև իրականացնի՝ Չաքարյանն ասել է, որ այսկերպ ցանկանում են լինել առավել պատասխանատու։

«Ինչպես 10 տարի առաջ շոփինգի մշակույթը փոխեցինք, այնպես էլ հիմա փորձում ենք նոր մշակույթ բերել մեր ոլորտ, ավելի պատասխանատու լինել, ռեսուրսները նպատակային օգտագործել և մնայուն արժեքներ ստեղծել: Մեր 10-ամյակը կոմերցիոն մեծ միջոցառումներով նշելու փոխարեն որոշեցինք իրականացրել կարևոր ծրագրեր մի քանի կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել»,- ասել է նա։

«Դալմայի» CSR ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։ Այդ նպատակով ընտրվել են հետևյալ ուղղությունները, որտեղ շարունակաբար ուղղվելու են նրանց ջանքերն ու ռեսուրսները․ երեխաների զարգացում, սահմանամերձ մարզեր, հայրենիքի պաշտպաններ, կրթություն, էկոլոգիա։

«Մեզ համար շատ դժվար էր ընտրել այն 5 կազմակերպությունը, որոնց հետ 10-ամյակի առթիվ սկսելու ենք համագործակցել։ Մեր այս գործունեությունը բխում է մեր որդեգրած ռազմավարությունից և համեստ ներդրում է լինելու երկրի ու համայնքների զարգացման գործում»,- ասել է Չաքարյանը, ապա մանրամասներ ներկայացրել ծրագրերից, որին հաջորդում էր հուշագրերի ստորագրումը։

Ըստ Չաքարյանի՝ նախկինում արդեն գործակցել են տարբեր կազմակերպությունների հետ, «Կողբ» հիմնադրամի հետ իրականացրել են ծառատունկ և Կողբում արդեն կա «Դալմայի» անվան պուրակ:

«Դալման» նաև մեծ էկոարշավը էր իրականացրել WWF Armenia-ի հետ համատեղ։ Դրա շրջանակում 2 շաբաթ «Դալմայում» տեղի էին ունեցել մի շարք թեմատիկ միջոցառումներ։ Ամերիաբանկի ու WWF (World Wide Fund for Nature)-ի հետ հայտարարվել էր էլեկտրական հեծանիվների մրցույթ, որի շրջանակներում «Դալմայում» տեղադրվել էր 12 էլեկտրական հեծանիվ, որոնց միջոցով գեներացված էլեկտրաէներգիան ուղարկվել էր ՀՀ մարզերի մի քանի դպրոցներ:

Անդրադառնալով նոր նախագծին՝ Չաքարյանը նշել է, որ առաջիկայում «Դալմայում» լինելու են հատուկ թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։

«Դալման» գործակցելու է նաև Զինծառայողների ապահովագրության hիմնադրամի հետ, որի հետ ևս երկարաժամկետ նախագծեր են իրականացնելու: Չաքարյանի խոսքով՝ «Դալմայի» գովազդային կրիչներից գոյացած հասույթի 10 %-ն ուղղելու են հիմնադրամին:

10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում «Դալման» գործակցում է նաև «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ՝ սկիզբ դնելով ավելի սերտ աշխատանքի, որի շրջանակում կանոնավոր կերպով աջակցելու է սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու ներդրում ունենալու նրանց զարգացման գործում: «Բարի մամայի» նպատակն է կանխարգելել երեխաներին լքելու դեպքերը, խթանել ներառական կրթության զարգացումը, ապահովել լքված երեխաների բարօրությունը։

Հուշագիր է կնքվել նաև «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի հետ է։

«Այս հուշագրով մենք սկիզբ ենք դնում շարունակական համագործակցության, որի շրջանակներում միասին հիմնում ենք Դալմա Գարդեն մոլի անվան կրթաթոշակը։

Սակայն այսքանով չենք սահմանափակվում մեր համատեղ ծրագրերը։ Հիմնադրամի հետ սերտ համագործակցության արդյունքում մեր բոլոր նախագծերը ուղղված են լինելու երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։ ՔՈԱՖ-ի առաքելությունն է նորարարության միջոցով զարգացնել գյուղական համայնքները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու չափահասներին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելով։

«Դալման» մյուս նախագիծն իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ համատեղ։ Հիմնադրամը ֆինանսավորում է կենտրոնի շահառուների բիզնես նախագծերը:

«Հիմնադրամն ունի ծրագիր «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» շահառուների բիզնես նախագծերը ֆինանսավորելու մասով։ Այս հուշագրով «Դալման» իր վրա է վերցնում 4 բիզնես ծրագրի ֆինանսավորումը»,- եզրափակել է Մարիամ Չաքարյանը։

Հուշագրերի ստորագրումն իրավական ուժ է տալու նախագծերին։

«Հուշագրերը ստորագրելով՝ ֆորմալ բնույթ ենք տալիս այս ամեն ինչին և իրավական հիմք ենք դնում հետագա համագործակցության համար։ Ցանկանում ենք, որ մեր այս նախաձեռնությունները վարակիչ լինեն մեր մյուս գործընկերների համար»,- ամփոփել է Մարիամ Չաքարյանը։