ՔՊ-ական պատգամավոր․ Ադրբեջանը ՀՀ տարածքից մոտ 127 քկմ է օկուպացրել

ՔՊ-ական պատգամավոր․ Ադրբեջանը ՀՀ տարածքից մոտ 127 քկմ է օկուպացրել

PanARMENIAN.Net - Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է ՀՀ մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում, հայտնում է «Ազատությունը»։

«Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», - ասել է պատգամավորը։

Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։

 Ուշագրավ
---