Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ:
Անդրադառնալով հումանիտար խնդիրներին` Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել մոտ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստան։
Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, անդրադարձ կատարել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի:
Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը Վատիկանում է պաշտոնական այցով։
Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: