26 հոկտեմբերի 2022 - 14:38 AMT
Փաստաբան․ Սոնա Մնացականյանի մահվան դեպքով կան հանգամանքներ, որոնք սուբյեկտիվ կերպով թաքցվել են

Ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքով երկու պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի որոշման դեմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ներկայացրած բողոքից ավելի քան մեկ ամիս անց գլխավոր դատախազությունից դեռ արձագանք չկա, գրում է «Առավոտը»։

«Խոսքը վերաբերում է շարասյան ղեկավարին ՝ ՃՈ ուղեկցող վաշտի հրամանատարին և կորտեժի պատասխանատու ղեկավարին՝ պետական պահպանության պետի տեղակալին: Բողոքի մեջ մանրամասն վերլուծել եմ նաև այն հանգամանքները, որոնք վերաբերում են ձայնագրությունների, ըստ մեզ, ոչնչացմանը: Ձայնագրությունների ոչնչացումը համարում ենք քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու յուրատեսակ եղանակ: Այդ ձայնագրությունները կարևոր նշանակություն ունեին տվյալ անձանց արարքի քրեաիրավական գնահատման համար: Քրեական հետապնդում չհարուցելու որոշումը վաղաժամ է, կայացվել է թերի նախաքննության արդյունքում, այն անհապաղ պետք է վերացվի և միջոցներ պետք է ձեռնարկվեն իմ կողմից նշված գործողություններն իրականացնելու համար: Մասնավորապես, քննիչը, ստանալով գրություն այն մասին, որ ձայնագրություն չկա, այսինքն՝ տեխնիկական խոտանի պատճառով չի ձայնագրվել, միջոցներ չի ձեռնարկել տվյալ գրության իսկությունն ու արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ, չի առգրավել համակարգիչը, համապատասխան փորձաքննություն չի նշանակել, չի պարզել այն ժամանակահատվածը, որի ընթացքում ենթադրաբար չի ձայնագրվել և այլն: Ակնհայտ է, որ այս բացթողումներն ունեն ուղղորդված բնույթ»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նշել է, որ Սոնա Մնացականյանի մահվան դեպքով կան հանգամանքներ, որոնք սուբյեկտիվ կերպով թաքցվել են:

Այն հարցին, թե կասկածներ ունի՞ արդյոք, որ վարչապետի հրահանգո՞վ շարասյունը չի կանգնել՝ Ասլանյանը պատասխանել է. «Հստակ չեմ կարող ասել, բայց, երբ ես ուսումնասիրում եմ քրեական գործի նյութերը, իմ կարծիքով, կան հանգամանքներ, որոնք սուբյեկտիվ կերպով թաքցվել են: Դրան առաջին հերթին նպաստել են ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունները վարույթ իրականացնող մարմնին չտրամադրելը: Քիչ հավանական է, որ տեխնիկական խոտանի պատճառով չի ձայնագրվել: Ես ավելի շատ կարծում եմ, որ այդ ձայնագրությունները էական նշանակություն ունեին գործի քննության համար, ամբողջ ռադիոկապը պետք է ձայնագրված լիներ, թե ինչպիսի արագություն է ընտրվել, ինչ է ասել մեկը մյուսին, ինչ է ասել կորտեժի ղեկավարը շարասյան մեջ գտնվող մյուս մեքենաներին կամ շարասյան ղեկավարն ինչ հանձնարարություն է տվել, այդ հանգամանքներն առհասարակ քննության առարկա չեն եղել»:

Րաֆֆի Ասլանյանն իր բողոքում նաև արծարծել է հարց, որ կամ նախկին քրեական վարույթով շարունակեն քննություն իրականացնել կամ նոր վարույթ նախաձեռնել իր մատնանշած հանգամանքները բացահայտելու համար:

Սոնա Մնացականյանի մահվան դեպքով նախաձեռնված վարույթն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

«Արդեն չեն կարող այդ վարույթի շրջանակներում շարունակել քննություն բացահայտել, մնում է նոր վարույթ նախաձեռնելը՝ հաշվի առնելով, որ գործն ուղարկվել է դատարան»,-ասել է փաստաբանը։

Ասլանյանն ասել է, որ դատախազությունից որևէ պատասխան չի ստացել իր բողոքի վերաբերյալ, բայց եթե մերժեն իր բողոքը, ինքը պատրաստվում է այն բողոքարկել:

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել։