26 հոկտեմբերի 2022 - 15:34 AMT
Փրայս․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ օգտակար կլինի արդյոք նրանց համար ՌԴ-ում կայանալիք հանդիպումը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, անդրադառնալով Սոչիում հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված ՌԴ նախագահի առաջարկին, ասել է, որ ԱՄՆ դիրքորոշմամբ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, և որ ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն, թե Վլադիմիր Պուտինի հրավերն օգտակար կլինի արդյոք նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը։

Փրայսն անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և որ տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել այդ երկրներին համապարփակ և տևական խաղաղության հասնել։

«Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ»,-ասել է նա։

Նա կասկածի տակ է դրել այն, որ Մոսկվան հարգում է իր հարևանների ինքնիշխանությունը և գործընկեր լինելու հանգամանքը:

Հիշեցնելով 2008թ․ իրադարձությունները Վրաստանում և ընթացիկ գործողություններն Ուկրաինայում՝ Փրայսն ասել է, թե Մոսկվան քիչ է հարգում հարևան երկրևների ինքնիշխանությունը և հազիվ թե կարող է հուսալի և երկարաժամկետ գործընկեր լինել։

«ԱՄՆ-ից առավել ոչ ոք չի սատարում Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախացումը Խորհրդային միությունից 1991-ին կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորում էր այդ երկրներից յուրաքանչյուրի իրավունքը հետապնդելու իր արտաքին քաղաքական շահերը Մոսկվայից անկախ»,-ասել է Փրայսը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ, իր տեղեկություններով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։

Ընթերցեք նաև․ Զախարովա․ Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողության չեն հասնի

Photo. Reuters