Պաշտպանության նախարարությունը, պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով, նոր ծրագիր է առաջարկում, որը կապահովի շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվծառայության անցման նոր կարգ կսահմանի։ Ծրագիրը կոչվում է «Պաշտպան հայրենյաց»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարությունում ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն, ասել է, որ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակում ներկայումս ծառայությունը շարունակում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարին։
Ըստ նախագծի, շարքային զինծառայության առաջին 6 ամսից հետո զինվորը կկարողանա անացնել պայմանագրային զինծառայության 5 տարի ժամկետով, որի ավարտին կստանա 5 մլն դրամ պատվովճար։
Ընդ որում, առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ 5 մլն դրամ գումարը ևս կվճարվի։
Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար։
Պապիկյանը նշել է, որ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ասաց, որ այս նախագիծը բանակում բարեփոխումների փաթեթի մի մասն է և պրոֆեսիոնալ բանակի անցնելու քայլերից մեկը։
Այժմ գործող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերն ընդունվել են 2017-ին։ «Ես եմ» ծրագրով նորակոչիկները կարող են անցնել անցնել ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, որը տևում է 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը անցկացնում է ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին փոխանցվում է մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կարող է օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: