Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ասել է, որ իր տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում։
«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, քանի որ իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական և այլն։ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից երևում է»,-ասել է Վայոց Ձորի մարզպետը, գրում է «Փաստինֆոն»։
Նա նաև ասել է, որ Ջերմուկում սահմանային իրավիճակը խաղաղ է, որևէ միջադեպ չի գրանցվել: Նա նշել է, որ օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է:
Մարզպետը տեղեկացրել է, որ Ջերմուկ քաղաքի բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգնվում է, տեղահանվածների մեծ մասը վերադարձել է մարզ, 15-20 տոկոսն է, որ հետ չի եկել։
«Ջերմուկի հրետակոծության հետևանքով հազարավոր մարդիկ տեղափոխվել էին ապահով վայրեր: Այդ ընթացքում Ջերմուկում հանգստանում էին մեծ թվով տուրիստներ, որոնք իջեցվել են ապաստարաններ, որպեսզի կյանքը վտանգի տակ չդնենք, տուրիստների մի ստվար զանգված լքել է Ջերմուկ քաղաքը»,-ասել է մարզպետը, գրում է «Փաստինֆոն»։
Գրիգորյանը շեշտել է, որ տուրիստական հոսքը համեմատաբար նվազել է:
«Հանգստացողներ կան, ճիշտ է, այն ծավալը, որն ունեինք ու պետք է ունենայինք մինչև տարվա վերջ, հիմա չունենք։ Հիմա մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածություն կա, բնականոն կյանքը վերականգնվում է», - ասել է Գրիգորյանը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։