ԱՄՆ-ն հանդես է գալիս ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության օգտին, որն իսկապես կայուն խաղաղության լավագույն միջոցն է: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ բացելով նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շատ ուրախ է աջակցելու դրան՝ ողջունելով կողմերի «համարձակ և վճռական քայլերը», գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանին և Բայրամովին այստեղ՝ Բլեր Հաուսում, Վաշինգտոնում, ովքեր ժամանել են շարունակելու այն շատ արդյունավետ քննարկումները, որոնք մենք նախաձեռնել էինք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իսկ այնուհետև մեր թիմերի միջև հետագա զրույցների շրջանակում: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը: 1991 թվականի անկախության վերականգնումը չափազանց կարևոր պահ է երկու երկրների իրավունքների երաշխավորման հարցում մենք դա մեծապես աջակցում ենք»,-ասել է նա:
Բլինքենը նշել է` արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի մոտ 30 և ավելի տարիներ շարունակվող հակամարտությունը հսկայական մարդկային նյութական կորուստների է հանգեցրել, բազմաթիվ կորսված կյանքերի:
«Սպիերը դեռևս բավականին խորն են, բայց այն, ինչին մենք այժմ ականատես ենք՝ իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակին հասնելու և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար՝ խաղաղության ապագայի, խաղաղության մեջ գտնվող երկրների ապագայի, ավելի լավ ապագայի միասին աշխատող երկրների համար: Ես ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի բարեկամն է և հանձնառու է անել ամենը մեր ուժերում՝ ձեր այս ջանքերին աջակցելու, ձեզ հետ միասնաբար դեպի կայուն խաղաղություն ճանապարհ հարթելու, հնարավոր ամեն ինչով ձեզ օգնելու համար: Սա, կարծում եմ, ավելի լավ և պայծառ ապագայի խոստումն է, և ես ողջունում եմ և ձեր, և ձեր կառավարությունների այն խիզախությունը և վճռականությունը, որ ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար»,-ասել է նա:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։