8 նոյեմբերի 2022 - 11:17 AMT
Արցախի պետնախարարի խորհրդականները հայտնի են

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը չափազանց կարևոր է համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը, ովքեր ԱՀ ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը և պատրաստ են դրամ հասնելու համար ամեն ինչ անել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` ինձ հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:

Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Նրանք մարդիկ են, որ համախմբվել են Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ։

Շնորհակալ եմ ձեզ և թիմի մյուս անդամներին, որ իմ կողքին եք, և հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու աշխատանքում: Ի գործ»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 4-ին Բեգլարյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից, պաշտոնում նշանակվել է Ռուբեն Վարդանյանը։ Նա կհամակարգի բոլոր ոլորտները, ուժայիններից բացի։