Ամերիկահայերն ավելի քան 80 կոնգրեսականի և թեկնածուի են աջակցում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

Ամերիկահայերն ավելի քան 80 կոնգրեսականի և թեկնածուի են աջակցում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ավելի քան 80 կոնգրեսականի և թեկնածուի է աջակցում 22 նահանգից ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այդ մասին ասել է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը՝ նշելով, որ ամերիկահայությունն ակտիվորեն ներգրավված է ընտրությունների բոլոր մակարդակներում։

Հայ դատի կողմից աջակցություն ստացող կոնգրեսականների թվում են Մարկո Ռուբիոն Ֆլորիդայից, Ալեքս Փադիվան Կալիֆորնիայից, Ռոն Վայդենը Օրեգոնից, տասնյակ կոնգրեսականներ Հայկական հանձնախմբից՝ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Դեյվիդ Վալադեոն և այլոք, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ջեքի Սփիերն այլևս չի առաջադրվել, ուստի շուտով հանձնախումբը նոր համանախագահ կունենա։

Չուլջյանն ասել է, որ իրենց կողմից աջակցություն ստացող կոնգրեսականները ընտրվում են 20 ցուցանիշի հիման վրա կազմված համակարգի միջոցով՝ ըստ իրենց հայանպաստ գործունեության հօգուտ ՀՀ-ին և Արցախին առնչվող հարցերի, Հայոց ցեղասպանության ուսուցման և արդար լուծման վերաբերյալ և այլն։

Հայկական համայնքի կողմից աջակցություն վայելով կոնգրեսականների թվում կան ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ։

Միջանկյալ ընտրությունները կորոշեն, թե արդյոք դեմոկրատները կպահպանեն մեծամասնությունը, թե հանրապետականները կգրավեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում:

Նախագահ Ջո Բայդենի կուսակցությունը կարող է կորցնել տասնյակ տեղեր Ներկայացուցիչների պալատում և մի քանի տեղ՝ Սենատում, ինչը բավական է Կոնգրեսի վերահսկողությունը Հանրապետական կուսակցությանը հանձնելու համար: Նախագահ Բայդենը Սան Դիեգոյում լրագրողներին ասել է, որ «լավատես է» դեմոկրատների հնարավորությունների վերաբերյալ այս ընտրություններում, սակայն հանրապետականներն ասում են, որ տեսնում են հաղթանակի հստակ ճանապարհ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---