Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ Հայաստանում առանց աշխատանքային պայմանագրի 180 օրից ավելի մնալու հարցը։
Նա նշել է, որ 183 օրից հետո պայմանագիր չունեցող ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ Հայաստանում կացության թույլտվության ընթացակարգի պարզեցման հարցում դիտարկվում է Վրաստանի օրինակը, երբ առանց որևէ փաստաթղթի ՌԴ քաղաքացիները 365 օր կարողանում են մնալ այդ երկրում, հայտնում է Panorama.am-ը։
«Հայաստանում միգրանտների ներհոսքը ներկայացնում են հիմնականում ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիները: Քանի որ նրանք ԵԱՏՄ-ից են, ապա այստեղ օգտվում են աշխատանքային գործունեություն ծավալելու հեշտացված ռեժիմից»,-ասել է Դավթյանը:
Նա ասել է, որ ԵԱՏՄ երկրների միգրանտներին որևէ թույլատվողական բնույթի փաստաթուղթ անհրաժեշտ չէ, աշխատանքի թույլտվության կարիք էլ չունեն, ընդամենը միայն աշխատանքային պայմանագրի վրա իրենք և իրենց ընտանիքի անդամները կարողանում են գտնվել ՀՀ-ում:
«ՌԴ քաղաքացիները միգրացիոն ծառայության workpermit.am էլեկտորնային հարթակին ներկայացնում են իրենց աշխատանքային պայմանագիրը՝ անձը հաստատող փաստաթուղթը և այդ հիմքով ստանում են կացությա օրինականությունը հավաստող տեղեկանք»,-ասել է Դավթյանը՝ հավելելով, որ հետագայում միգրանտները ֆիզիկապես ներկայանում են համապատասխան քարտը ստանալու համար:
Եվրասիական միության մասին պայմանագրով, եթե ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին աշխատում է մեկ այլ ԵԱՏՄ անդամ երկրում, ապա կարող է գտնվել այնտեղ իր աշխատանքային պայմանագրի ժամկետով՝ օրինական հիմունքներով»։ Միգրացիոն ծառայության իրակացրած հետազոտության համաձայն, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների 75 տոկոսն աշխատանք ունի, ընդ որում, մեծ մասը՝ ՏՏ ոլորտում։