8 նոյեմբերի 2022 - 18:42 AMT
ԱԺ-ում քննարկել են դատավորների ծանրաբեռնվածության հարցը

Դատական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց առնչությամբ տարիներ շարունակ լռել են, և դրանց հիմնական պատճառը դատարանների ծանրաբեռնվածությունն է։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այդ մասին ասել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Փիլոսյանը։

«Դատավորի գործառույթի մեջ է ներառված կատարողական թերթերի տրամադրումը։ Այս դեպքում որևէ ողջամիտ պատճառ չկա, թե ինչու պետք է դատավորն անի այդ տեխնիկական աշխատանքը։ Առաջարկում եմ կատարողական թերթերի տրամադրումը դատարաններին չվերապահել, այլ դատական ակտերը ԴԱՀԿ–ին ներկայացնել։ Ավելին` արբիտրաժային դատարանների վճիռների հիման կատարողականի թերթիկը տրամադրելու գործառույթը կրկին վերապահված է դատավորներին, ինչը նույնպես բովանդակային աշխատանք չէ և ծախսատար է»,–ասել է դատավորը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` դատարանները գերծանրաբեռնված են գումարի բռնագանձման պահանջներով, որոնք կազմում են ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցերի 80 տոկոսը, և դրանց 50 տոկոսը 500,000 դրամը չգերազանցող հայցերն են։ Խնդրի լուծման համար, ըստ դատավորի, առաջարկվել են միջանկյալ լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային արդարադատության ներմուծումը։ Սակայն Փիլոսյանը կարծում է, որ դա խնդիրը չի լուծի, այսինքն` դատավորի աշխատանքը չի կրճատվի։ Ուստի նա առաջարկում է գումարի բռնագանձման պահանջներով հայցերը դատական քննության առարկա չդարձնել և դրանք հանձնել նոտարներին։

Ինչ վերաբերում է դատավորների թվակազմն ավելացնելուն, ապա Փիլոսյանի խոսքով` այսօր պետությունը պատրաստ չէ դատավորների թվաքանակի այնպիսի ավելացման, որ ծանրաբեռնվածությունը նվազի. առնվազն շենքային պայմանները չեն ների նման բան անելու համար։ Փիլոսյանն առաջարկում է վերոհիշյալ գործառույթները հանել դատավորների վրայից, այսպիսով ծանրաբեռնվածության խնդրին համակարգային մոտեցում կցուցաբերվի։

Միաժամանակ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը նշել է, որ վարչական դատարանների գերծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները թերի են աշխատում և վստահություն չեն ներշնչում մարդկանց։ Քաղաքացիները նախընտրում են դիմել դատարան, ոչ թե վեճը լուծել արտադատարանական կարգով։ Ազրոյանն առաջարկել է բարձրացնել վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը։

«Անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ։ Օրինակ` եթե գործերը սկսեն քննվել նաև գրավոր ընթացակարգով, ապա վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը 30-40 տոկոսով կնվազի։ Բացի այդ, պետք է վարչական իրավախախտումների մասին գործերը մեծամասամբ դուրս գան մեր վերահսկողությունից։ Այսինքն` ոչ թե պետք է Լեզվի կոմիտեն վարչական դատարան գա անձին տուգանելու պահանջով, այլ իրենք նման գործառույթ ունենան»,–ասել է Ազրոյանը։

Բացի այդ, ըստ դատավորի, պետք է ծանուցումներն իրականացվեն մեկ անգամ թղթային տարբերակով, իսկ հետո էլեկտրոնային եղանակով։

Քրեական դատարանների ծանրաբեռնվածության հարցով քննարկումը նախատեսված է հաջորդ նիստին։