Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ վճարված 100 միլիոնավոր դոլարների դիմաց զենք չի մատակարարվել Հայաստանին, ասել է, որ խնդիրը դեռևս լուծված չէ։
«Ոչ, խնդիրը դեռ չի լուծվել»,-ասել է նա՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են։
Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ եղան, որ զենքը չմատակարարած այդ գործընկերը Հորդանանն է՝ Փաշինյանն ասել է, թե «մամուլը, ինչպես միշտ, շատ ավելի տեղեկացված է»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հորդանանյան ընկերությունը հրաժարվել է զենք մատակարարել ՀՀ-ին, ըստ այդմ, ՊՆ-ն խզել է պայմանագիրը և պահանջում է 23,232,233 դրամ՝ որպես տույժ։ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա Էքուփփմենք ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության միջև պայմանագիրը ստորագրվել է 2021-ի օգոստոսի 6-ին, և նույն տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարեր պատվերը, սակայն պայմանագրով նախատեսված մատակարարումն ընկերությունը չի կատարել։
Վարչապետը նշել է, որ Հայաստանն աշխատում է սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։
Հնդկական զենք գնելու մասին հրապարակումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ որ եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն լինի, կառավարությունը դա կանի:
Ավելի վաղ կառավարության նիստերից մեկում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն 100 միլիոնավոր դոլարներ է վճարվ որոշակի սպառազինության համար, սակայն զենքը չի մատակարարվել, այդ թվում դաշնակից երկրների կողմից: