7 դեկտեմբերի 2022 - 14:41 AMT
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընդունվել է․ Ընդդիմությունը ևս կողմ էր

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Նախագիծն ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել նաև ընդդիմությունը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 91 կողմ ձայնով։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զորակոչիկը 6 ամսվա ծառայությունից հետո կարող է ընտրել պայմանագրային ծառայությունը: Ծրագրի ժամկետը 5 տարի է: Դրան մասնակցելու դեպքում զինծառայողը կստանա մինչև 380,000 դրամ աշխատավարձ և կօգտվի պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։

Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։

Պայմանագրային զինծառայողները աշխատավարձի հավելավճարներ ստանալու համար կանցնեն ատեստավորում։ Ատեստավորումը պարտադիր կլինի 3 տարին մեկ անգամ։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման շրջանակում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Կառավարության նախաձեռնությամբ օրենքների նախագծերում կատարվել են տեխնիկական լրացումներ եւ փոփոխություններ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր: