ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, ընդ որում՝ հետևանքների առումով, դեռ պարզ էլ չէ, թե որն է վատը, որը՝ շատ վատը։
«Միջազգային ճնշումն այս պահին շատ թույլ է, որի պայմաններում Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ հրահրելու ճանապարհով ծանր քաղաքական պայմաններ է առաջ քաշում։
Իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ Հայաստանի իշխանությունը, իր լռությամբ, քայլերով, ադրբեջանանպաստ հայտարարություններով բերել հասցրել է մի կետի, երբ իր ազդեցությունը համարժեք է սովորական փալասի, իսկ միջազգային դերակատարները լրիվ այլ առաջնահերթություններով են շարժվում։
Այս պայմաններում Ադրբեջանը պլանավորել ու իրականացնում է ճնշումների ամենաայլանդակ, հակամարդկային, էթնիկ զտումներ ենթադրող և ֆիզիկական ահռելի սպառնալիք իրականացնող մասշտաբային ծրագիր»,-ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։