20 դեկտեմբերի 2022 - 13:54 AMT
Միջազգային 9 կազմակերպություն զգուշացրել է Արցախում ցեղասպանության վտանգի մասին

«Միջազգային քրիստոնեական համերաշխությունը» 8 այլ կազմակերպության հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում, հայտնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով կազմակերպության տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, «անպատիժ է թողել հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և սպառնացել է ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը»։

«Ցեղասպանության կանխարգելման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից սահմանված վայրագ հանցագործության վտանգի բոլոր 14 գործոններն առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց համախոհների կողմից հայերի և տարածաշրջանի քրիստոնեական այլ համայնքների դեմ իրականացված էթնիկ և կրոնական զտումների վաղեմի քաղաքականությանը», - ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանի Դաշնությանը, կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արվում Ժնևի չորրորդ կոնվենցիային համապատասխան ապահովել միջազգային բոլոր կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական նպատակներով։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։