Սիմոնյան․ Քաղաքացիները բողոքում են, որ չեն կարողանում խաղադրույք անել՝ ուրախալի է

Սիմոնյան․ Քաղաքացիները բողոքում են, որ չեն կարողանում խաղադրույք անել՝ ուրախալի է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որով կարգելվի տեսալսողական մեդիամիջոցներին կրել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումներ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննարկման ժամանակ ասել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո քաղաքացիները բողոքում են, որ չեն կարողանում խաղադրույք կատարել, ինչն ուրախալի է։

Սիմոնյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ընտրողների առջեւ տված հանձնառությունն ի կատար է ածում մինչեւ վերջ:

«Ազգային ժողովն արգելեց բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, որոնք համատարած էին Հայաստանի Հանրապետությունում, սահմանափակեց փողոցում առկա գովազդները, արգելեց գովազդը հեռուստաընկերություններում, կայքերում, իսկ հիմա խորհրդարանը քվեարկելու է, որ նույնիսկ քողարկված գովազդը՝ ի դեմս տեսալսողական մեդիամիջոցների անվանումների, չլինի։ Ամեն ինչ արել ենք և անելու ենք, մնում է մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերի և ավելի ուշադիր և պատասխանատու վերաբերվեն իրենց, իրենց ընտանիքներին և իրենց աշխատած գումարներին»,- ասել է նա:

Նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է, որ նախագծի ընդունումից 6 ամիս հետո նմանօրինակ ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումը փոխել: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նախաձեռնությունը կապված է խաղամոլության դեմ պայքարի իրենց խմբակցության հանձնառության հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---