ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերստը ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքի փակնա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը։
«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ընդգծում է, որ Ադրբեջանի Հանրապետության ստանձնած պարտավորության համաձայն՝ երաշխավորվում է երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունն ամբողջ Լաչինի միջանցքի երկայնքով»,- հայտարարել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նա նշել է նաև, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումները անընդունելի են, և որ Լաչինի միջանցքի արգելափակման ուղիղ հետևանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը։
Իրենց հերթին նիստին մասնակից Անվտանգության խորհրդի այլ անդամ պետություների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ևս մտահոգություն են հայտնել լարվածության աճի, Լաչինի միջանցքի փակման ու ազատ տեղաշարժի դադարեցման, դրա հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով եռակողմ հայտարարությունների ու միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։