Freedom House․ ԼՂ խնդիրը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են տեղի բնակչության կենսական կարիքները

Freedom House․ ԼՂ խնդիրը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են տեղի  բնակչության կենսական կարիքները

PanARMENIAN.Net - Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը, կարծիք է հայտնել, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ասել է նա։

Բեհրենդտը շեշտում է՝ Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի վերաբացման համար:

«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ փակել են միջանցքը: Պարզապես անհատներ են, թե՞ կապ ունեն պետական մարմինների հետ: Իրականում, չեմ կարծում, որ դա ունի որևէ նշանակություն: Կարևորն այն է, որ միջանցքը վերաբացվի, ու Ադրբեջանը պետք է ստանձնի այդ պարտավորությունը»,- նշում է նա:

Նա կարևորում է այստեղ միջազգային խաղաղապահների ներկայությունը: Ըստ նրա՝ ցանկալի է, որ այն լիներ միջազգային որևէ կառույցի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, որին կարող էր միանալ նաև ռուսական կողմը:

«Չափազանց կարևոր է, որ լինի խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային ներկայություն այստեղ՝ բոլոր կողմերի ու, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար, որը ներկայումս վտանգի տակ է»,- ընդգծել է նա:

Նա «թերի» է գնահատում ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի գործողությունները, քանի որ միջանցքի վերաբացման համար անմիջապես պատասխանատու են նաև ռուս խաղաղապահները, ովքեր եռակողմ հայտարարությամբ պարտավորություն են ստանձնել՝ ապահովելու այստեղ ազատ տեղաշարժը:

«Ռուս խաղաղապահները լիովին պարտավոր են այն բաց պահել։ Դա է նրանց այնտեղ գտնվելու հիմնական նպատակը: Նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար անվտանգությունը»,- պնդել է նա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---