24 դեկտեմբերի 2022 - 15:56 AMT
Թաթոյան․ Այո, Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին, գրել է, որ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի։

«Արդեն 12-րդ օրն է` Արցախի շրջափակված լինելու պատճառով, դեղատներում սպառվում է դեղորայքը, մարդիկ զրկված են կենսական անհրաժեշտության իրերից, սննդամթերքից։

Ադրբեջանի իշխանությունները մտադրված քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝ 120,000 խաղաղ բնակչությանն ամբողջությամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։

Սա ադրբեջանական հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս է։ Նրանք այս անգամ պարզապես փոխել են մեթոդները և իրենց քաղաքականությունն իրականացնում են իրենց բնապահպան հռչակած, բայց Կառավարության կողմից ֆինանսավորվող մարդկանց միջոցով։

Ադրբեջանի նպատակն Արցախի ժողովրդի մոտ հուսահատության, անելանելիության զգացում առաջացնելն է, ինչը կստիպի մարդկանց, ըստ ադրբեջանական ծրագրի, լքել Արցախը:

Այո, Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:

Մենք մեզանից կախված ամեն ինչ պետք է անենք` խափանելու համար Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։