Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինից

Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինից

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի բնակիչների բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով, հայտնում է Արմենպրեսը։

Բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկը` «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:

«Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասել է Պետրոսյանը:

Դեկտեմբերի 23-ին ևս մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով, սակայն խաղաղապահները նրանց թույլ չէին տվել առաջ գնալ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---