ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը քարոզչական տեսանկյունից հայտնվել է իր իսկ ծուղակում։
«Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքն ի թիվս մեծ թվով հարցերի նաև կոտրեց, ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հզ մարդ է ապրում։
Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ադրբեջանցիներն իրենց հասարակությանը համոզում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերել։
Հիմա միջանցքը փակ է, Հայաստանից մարդկանց մուտքը բացառված, դեռ չեմ խոսում Արցախում վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում Արցախի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում 60-65 հազար մարդ էր հավաքվել։
Եթե վառելիքի խնդիր չլիներ, անկասկած մարդկանց թիվն ավելի շատ կլիներ։
Ադրբեջանը քարոզչական/քաղաքական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում։
Մարդկանց բազմությունը, պայքարելու պատրաստակամությունն ու արժանապատվությունը ֆիքսվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային դերակատարների կողմից։
Արցախի արժանապատիվ կեցվածքն ու փորձություններն ամեն գնով հաղթահարելու կամքը զսպաշապիկ է նաև ՀՀ իշխանության համար՝ միակողմանի զիջումների չգնալու և Արցախն ադրբեջանական դաշտ չհրելու տեսանկյունից»,-գրել է նա։
Արցախաի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքում, նշելով, որ կյանքում առաջին անգամ է ելույթ ունենում այդքան մարդու առջև, հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին և չի հեռանալու Արցախից։ «Ես խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարել է նա։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։