28 դեկտեմբերի 2022 - 17:42 AMT
Հունվարի 23-ից շրջանառության մեջ կդրվեն 2022-ի թողարկման 1000 դրամանոցներ

Հունվարի 23-ից շրջանառության մեջ կդրվեն 1000 դրամ անվանական արժեքով 2022-ի թողարկման թղթադրամներ: Որոշումը կայացվել է Կենտրոնական խորհրդի դեկտեմբերի 27-ի նիստում։

Սահմանվել է, որ հազար դրամանոց թղթադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մանուշակագույնը: